среда, 9 марта 2011 г.

10 կանոն երջանիկ ամուսնության համար

 Մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել որոշ կանոնների, եթե ուզում եք պահպանել ջերմությունն ու սերը ձեր ընտանիքում։ Այս կանոններին հետևել խորհուրդ է տրվում ոչ միայն նորաստեղծ, այլև  արդեն տարիների փորձառություն ունեցող ընտանիքներին։
1. Հիշեք, որ ոչ բոլոր անհաշտություններն են լուծելի։ Ձեր երկուսի միջև որոշ անհամաձայնություններ միշտ կարող են պահպանվել։ Պարզապես պետք է իմանալ ամենասուր անկյունները և հնարավորինս խուսափել այդ մասին տեղին-անտեղի խոսելուց։
2. Փոխել կարող եք միայն ձեզ։ Բանականության տեսանկյունից` դա ակնհայտ է, բայց հուզական մասով դա ընկալելը դժվար է։ Բայց պետք է, եթե ուզում եք երջանիկ լինել և ապրել երջանիկ մարդու կողքին։
3. Հանուն տան կարգուկանոնի պահպանման եւ հանուն բոլորի բարեկեցության գործադրած ձեր ջանքերի դիմաց մի ակնկալեք պարգեւատրում, վերջ ի վերջո, դուք ամեն ինչ անում եք ձեր նախաձեռնությամբ և, եթե անգամ չասեք` սիրով։ Այսինքն` նախ և առաջ ձեզ համար եք անում։
4. Կինը կամ ամուսինը միակ հարազատն է, ում դուք ինքներդ եք ընտրում. մնացածները ձեզ տրվում են։ Ազատ ընտրությունը անսահման հորիզոններ է բացում, բայց նաեւ վախեցնում, քանի որ դրանից կարելի է հրաժարվել, և ելքը հարազատի հնարավոր կորստի ու բաժանման ուրվականի առաջ դուռը փակ պահելն է։
5. Կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Մասնավորապես, ձեր կեսի թերություններն ու նույնիսկ արատները։ Երջանիկ լինելու համար դուք պետք է դրանք ընկալեք իբրև նրա արժանիքների շարունակություն։ Եվ` հակառակը։
6. Ամուսնության սոցիալական կողմը հրապուրիչ է, բայց ամենևին էլ էությունը չէ։ Ադամանդակուռ մատանիներ, ճոխ հարսանիք, շքեղ տունուտեղ, բարենպաստ հասարակական ընկալում ու դիրք, կնոջ կամ ամուսնու հարգարժան կարգավիճակ` այս ամենը կարևոր է, բայց անհամեմատ պակաս, քան մարդկային գեղեցիկ հարաբերություններն իրար խորապես սիրող մարդկանց միջև։
7. Թեև դրսի աչքի համար կարևորը արտաքին մանրամասներն են, բայց կարողացեք անտեսել բոլորի կարծիքը և ապրեք մեկդ մյուսի համար։
8. Դժվարություններն ու դրանց համատեղ հաղթահարումը ամրացնում են կայուն հարաբերությունները և կործանում պատահական ու անցողիկ կապերը։ Եթե համոզված չեք, որ գտել եք հենց ձեր որոնածին, հետաձգեք որոշում կայացնելը։
9. Ձեր երջանկության համար պատասխանատու եք միմիայն դուք։ Այո, կարող եք և պետք է ձեր կեսի հետ կիսեք ձեր մտահոգությունները, երազանքները, մտավախություններն ու հույսերը, բայց պետք չէ սպասել, որ նա ամբողջությամբ կլծվի դրանց իրագործմանը։ Եվ հակառակը` պետք չէ ապրել նրա երազանքներով ու երջանկությամբ. ինչ-որ բան միշտ միայն ձերը պետք է լինի։ Այսինքն` ապրեք երջանիկ միասին, բայց` ամեն մեկդ` ձեր կյանքը։
10. Որքան էլ ծանր պահ լինի, որքան էլ խճճված լինեք կենցաղի սարդոստայնի մեջ, և վիրավորանքի որդը կրծի ձեր սիրտը, աշխատեք վերհիշել այն պայծառ պահը, երբ ծնվեց ձեր սերը։ Այդ հիշողության կախարդական լույսի տակ մնացյալ ամեն ինչը կթվա ճղճիմ մանրուք։
Երջանիկ եղեք։

Комментариев нет:

Отправить комментарий